Ահաբեկչական հարձակումներից մեկ օր անց  Փարիզի փողոցները հանգիստ ու դատարկ են։ Մարդիկ փորձում են տնից դուրս չգալ։ Նույնիսկ Փարիզի մետրոն, որն ամենաաղմկոտ ու մարդաշատ մետրոներից է Եվրոպայում, այսօր հանգիստ է։ Նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքը փակել է խանութները։ Այսօր Փարիզն աշխարհի մայրաքաղաքը չէ, ոչ էլ ամենագեղեցիկ քաղաքը։ Այսօր այն սգացող, կարելի է նույնիսկ ասել` վախեցած քաղաք է։

Տարվա սկզբին քաղաքն արդեն մեծ ողբերգություն էր ապրել, երբ ահաբեկիչները կրակ էին բացել Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում։

Բելգիական VRT news հեռուստաալիքի լրագրող Սթիվեն Դեկրենը միշտ աշխարհի թեժ կետերում է։ Նա անմիջապես ուղեւորվում է այնտեղ, որտեղ ահաբեկչական հարձակում է կատարվել, որտեղ վտանգ կա։ Ֆրանսիայի դեպքերից հետո նա ամբողջ օրը շրջել է Փարիզի փողոցներում։

«Տրամադրությունը տարօրինակ է, մարդիկ շատ հանգիստ են, ասես կոտրված լինեն։ Շատերը գնում են մոմեր վառելու այն վայրերում, որտեղ իրականացվել են հարձակումները։ Բայց օրը շատ դանդաղ էր։ Մարդկանց դեռ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Սթիվեն Դեկրենը։

Ըստ լրագրողի` Charlie Hebdo–ի եւ վերջին ահաբեկչական հարձակումների միջեւ մեծ տարբերություն կա։

«Հիմա զգացվում է, որ մարդկանց մոտ նվազել է քաջությունը եւ ուժը, Charlie Hebdo–ի ժամանակ նման բան չկար։ Բոլորին ցնցել է այս հարվածը։ Մարդիկ ուզում են, որ քաղաքական գործիչները կարողանան ապահովել իրենց անվտանգությունը, եւ հիասթափված են։ Երաշխավորվա՞ծ է արդյոք նրանց վաղվա օրը»։

«Բայց կյանքը շարունակվում է։ Այսօր Փարիզում բոլոր ռեստորանները փակ են, վաղը կրկին կբացվեն, իսկ երկուշաբթի առավոտյան կսկսեն աշխատել դպրոցները։ Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի եւ վիրավորների թիվը` համապատասխանաբար 129 եւ 352 մարդ, նաեւ ութ ահաբեկիչների մահը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին։