Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար պետք է պետական համակարգը փոխել, ոչ թե անձերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ասել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Թալինում:
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կապ չունի գործող իշխանության եւ ընդդիմադիր ուժերի հետ, այն կապված է երկրի կառավարման խնդիրների հետ: Պետք է պետական համակարգը փոխել, ոչ թե անձերը: Ինչ տարբերություն,եթե երկրի նախագահը փոխվի ու վաղը գա նորից վատը նախագահ: Շատերը հարցնում են, թե ինչ հրաշք եղավ, որ իշխանությունը որոշեց նման փոփոխությունների գնալ: Մենք, եթե ծառայում ենք երկրին եւ կոնկրետ էս մարդիկ առաջարկում են ողջախոհ փոփոխություններ անել, պետք է միասին գնանք դրան, եւ միայն նրա համար, որ դա իշխանությունն է առաջարկում, պետք չէ քննադատել այն ու չընդունել»,-ասաց նա:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանն էլ նշեց, որ երկրում առկա խնդիրները սահմանադրության մեջ չեն, դրանք լուծելու ցանկություն ունենալու մեջ են:
«Գործազրկությունը, արտագաղթը կապված չեն գործող սահմանադրության հետ, փոփոխություն առաջարկողը գործող իշխանությունն է եւ սահմանադրական փոփոխություններից հետո էլ ոչինչ չի փոխվելու: Գործող իշխանություններն իր լիազորությունները չի ընդունում»,-ասաց Նարեկ Այվազյանը:
Նշենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:





























