Ադրբեջանում կալանավորվել է Ազգային անվտանգության նախարարության եւս մեկ գեներալ։ Այս անգամ խոսքը ԱԱՆ գեներալ Աքիֆ Չովդարովի մասին է, որը 2 օր առաջ ազատվել էր աշխատանքից։
Ինչպես հայտնում է contact.az-ը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, դատարանը նրան կալանավորել է 3 ամսով։ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատել։
Պարզ չէ նաեւ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվել Չովդարովին, սակայն ավելի վաղ բազմաթիվ գործարարներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարել էին, որ Չովդարովն իրենցից գումար է շորթել, ինչպես նաեւ վերցրել իրենց բիզնեսներն ու ձեռնարկությունները։
Չովդարովի անունը նաեւ հայտնվել էր որոշ սպանությունների եւ առեւանգումների գործերում։
Այսօր տեղեկություններ են հայտնվել նաեւ այն մասին, որ ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի Բադամդարի ամառանոցում ստուգումներ են անցկացվել, որի արդյունքում առգրավվել են արժեքավոր իրեր եւ կանխիկ գումար։





























