Արդեն մեկ տարի է Իրաքի հյուսիսում «Իսլամական պետությունը» եզդիների հանդեպ ցեղասպանություն է իրականացնում եւ տասնյակ հազարավոր եզդիների սպանդը աշխարհի բոլոր երկրների առաջնորդների մոտ այնքան ցավ չառաջացրեց, որքան նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ մահացավ շուրջ 100 մարդ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց  Եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Հասան Հասանյանը:

«Փարիզում ողբերգություն տեղի ունեցավ, ամբողջ աշխարհի ղեկավարությունը ոտքի է կանգնել աջակցելու նրանց համար, բայց երբ հազարավոր եզդիներ են սպանվեցին՝ անգամ ցավակցող չեղավ, ուր մնաց աջակցելը: Սա շատ վիրավորական է եզդիներիս համար»,-ասաց Հասան Հասանյանը:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանն էլ հույս հայտնեց, որ Փարիզում տեղի ունեցած ողբերգությունից հետո աշխարհի երկրների առաջնորդները կսկսեն պայքարել «Իսլամական պետության» դեմ:

«Եզդի ազգը իր ցավակցությունն է հայտնում, եզդիներից առավել ոչ ոք չի կարող հասկանալ այդ ցավը, քանի որ մեկ տարի է դրա մեջ ենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի միանգամից 6 շրջանում պայթյուններ էին որոտացել, որոնք խլել էին 132 մարդու կյանք։

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ (արաբերեն՝ Սինջար) շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում: