Ֆրանսիայում կան երիտասարդներ, որոնք աջակցում են Իսլամիստական ծայրահեղական շարժումներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններին:
«Այսօր ֆրանսիացի հասարակությունը կարծում է, որ պետությունը ձախողել է, քանի որ երկրում նոր հաստատված փոքրամասնություններն են համակարգում երկրի արժեքները: Արվարձաններում Ֆրանսիայի օրենքների դեմ ըմբոստացող երիտասարդներ կան, որոնք իրենց տեղը չեն գտնում տնտեսական եւ սոցիալական առումով եւ աջակցում են Իսլամիստական ծայրահեղական շարժումներին: Պատճառն այն է, որ հասարակությունն ու պետությունը ճիշտ չեն համակարգում միմյանց հետ»,- ասաց Հիլդա Չոբոյանը:
Հայ պատգամավորի կարծիքով՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը մեծապես պատասխանատու է կատարվածի համար, հատկապես նախագահներ Սարկոզին եւ Օլանդը:
«Միջին Արեւելքում Ֆրանսիան այլեւս յուրահատուկ քաղաքականություն չի վարում եւ կուրորեն հետեւում է ԱՄՆ քաղաքականությանը: Նախագահ Շիրակի՝ Իրաքի պատերազմին մասնակցության մերժումից հետո Ֆրանսիան փոխեց իր քաղաքականությունը Միջին Արեւելքեի հետ, մասնավորապես Սիրիայի հանդեպ՝ Լիբանանի վարչապետի սպանությունից հետո»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 132 մարդ։





























