Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող թունելն այսօրվանից՝ նոյեմբերի 16-ից երկու օրով փակ է, սակայն վարորդները դրա մասին տեղյակ չեն:  Վարորդները NEWS.am-ին բողոքեցին, որ թունելի մոտ հասնելուց հետո ստիպված են լինում վերադառնալ եւ այլ ճանապարհով հասնել Գյումրի, քանի որ նախապես չեն զգուշացվել:

«Ինչո՞ւ նախապես չեն զգուշացնում, որ միջպետական ճանապարհը փակ է լինելու, ինչո՞ւ է Գայի էկիպաժը կանգնում թունելից ընդամենը 100 մետր այս կողմ ու այդտեղից մեքենաները հետ ուղարկում, երբ ավելի ճիշտ կլիներ՝ կանգնեին հենց շրջանցիկ ճանապապարհի հատման տեղում»,- բողոքեց Գյումրի մեկնող  Գոռը:

Գոռը զանգահարել է ճանապարհային ոստիկանության թեժ գծի ծառայություն ու պարզել, որ թունելը փակ է լինելու նաև վաղը: 

Ճանապարհային ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ թունելը փակվել է Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ ֆիլմի նկարահանումների համար:

«Այն այսօր փակ կլինի մինչև 20:00-ն, իսկ վաղը 09:00-ից 20:00-ն, ինչի մասին երկու օր է՝ տարբեր լրատվամիջոցներով հաղորդել են»,- ասաց 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը:

Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանների շրջանցիկ ճանապարհի հատման կետում կանգնելուն,  դա արդյունավետ միջոց չի համարվում, քանի որ շրջանցիկ ճանապարհից մինչև թունել 7-8 գյուղ կա, որտեղից դուրս եկող հոսքը ևս պետք է վերահսկվի: