Բելգիայի ոստիկանությունը ձայնային նռնակներ է կիրառել Բրյուսելի հյուսիսում՝ Մոլենբեք թաղամասում իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Տուժածներ չկան, մահացու կրակ չի բացվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոլենբեք կոմունայի կոմիսարիատից:
«Գործողության հետեւանքով տուժածներ չկան: Կրակ չի բացվել, ոստիկանությունը ձայնային նռնակներ է գործածել»,- տեղեկացրել են այնտեղից:
Մինչդեռ ավելի վաղ տեղական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Բելգիայի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ ավտոմատ զենքի կրակոցներ են լսվել:
Ըստ ոստիկանների տեղեկությունների՝ այդ թաղամասում էր ապրում Փարիզում ուրբաթ օրը կազմակերպված ահաբեկչությունների ենթադրյալ համակարգողը, նաեւ այդ հարձակումներին մասնակցություն ունեցածներից մեկը:
Քննչության տվյալներով, բելգիացի Աբդելհամիդ Աբաաուդը կապ էր հաստատել էր ահաբեկչական խմբավորման անդամների հետ, նաեւ զբաղվել դրա գործունեության ֆինանսավորումով: Նա առաջին անգամը չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում՝ հունվարին նրա անունը հիշատակվել էր Բելգիայի տարածքում մի քանի հարձակումների կազմակերպիչների շարքում: Այդ ժամանակ արմատականի հեռախոսը ֆիքսվել էր Հունաստանի տարածքում:





























