Փարիզի իրադարձությունները հարձակում էին ոչ Ֆրանսիայի պետության դեմ եւ կոնկրետ քաղաքականության արդյունք չեն, ինչպես փորձում է ներկայացնել ռուսական քարոզչությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Եվրոպայի միգրացիոն քաղաքականությունը, նրա խոսքով, արդեն վերանայվել է. սահմանին խստացվել է վերահսկողությունը, որը կշարունակվի առնվազն 2 ամիս:
«Ոչ մի դեպքում՝ ահաբեկչության համար չեն կարող լինել օբյեկտիվ նախադրյալներ: Դրա համար որեւէ մոտիվացիոն հիմք որոնելը հանցագործություն է: Միանշանակ է, որ եվրոպական քաղաքակրթությունը դուրս է գալիս բյուրոկրատական ստանդարտներից եւ միավորվում է»,-նշել է Սեդրակյանը:
Նա ընդգծել է, որ առավել կարեւոր է քրիստոնեական չափանիշների պահպանումը, քան սոցիալականը: «Մահմեդական արմատականությունը չի կարող դրան որեւէ հանդուրժողական բացատրություն գտնել: Մահմեդական արմատականությունը քաղաքական մոտեցում է, որը հանգեցնում է մահմեդական ահաբեկչության»,-ամփոփել է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: Վերջին տվյալներով վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:




























