Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 800 նոր դեպք։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի բաժանմունքի վարիչ Մարտին Միրաքյանը։
Նրա խոսքով, հիվանդության զարգացման հիմնական պատճառներից են հորմոնալ խանգարումները, ճառագայթահարումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաեւ կրծքին ստացած ուժեղ հարվածը։ «Ընդ որում, առավել ռիսկային խմբում են 50-55 տարին լրացած կանայք։ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են հիմնականում այս տարիքի կանայք, չնայած հիվանդությունը կարող է զարգանալ շատ ավելի վաղ տարիքում։ Օրինակ, նախանցած տարի մեզ մոտ բուժվում էր 22 տարեկան մի աղջիկ, ով այսօրվա դրությամբ ողջ եւ առողջ է»,- նշեց բժիշկը՝ միաժամանակ հավելելով, որ կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար 40 տարեկանն անց կանայք պետք է հետազոտվեն տարին մեկ անգամ, իսկ 30-ն անց կանայք՝ երկու տարին մեկ անգամ։
Մասնագետը տեղեկացրեց նաեւ, որ կրծքագեղձի քաղցկեղը զարգանում է 4 փուլերով։ «Առաջին՝ վաղ փուլում, բուժման հավանականությունը 90-100 տոկոս է, երկրորդում՝ հավանականությունն իջնում է մինչեւ 60-70 տոկոսի։ Երրորդ փուլում հիվանդի բուժվելու հնարավորությունները 40 տոկոս է։ Ամենաբարդը վերջին՝ չորրորդ փուլն է, երբ բուժման հավանականությունը հավասար է մոտ 10 տոկոսի»,- նշեց բժիշկը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայ կանայք, որպես կանոն, իրենց դիմում են հիվանդության ուշ շրջաններում՝ 2-րդ 3-րդ փուլերում։ «Դա պայմանավորված է կանանց՝ սեփական առողջության նկատմամբ ցուցաբերած անուշադրության, հիվանդության հայտնաբերման վախի, իսկ առավել հաճախ՝ ֆինանսական սուղ միջոցներով»,- նկատեց բժիշկը։
Հարցին, թե որքանո՞վ ենն ժամանակակից Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոգրաֆիական սարքավորումները, Մարտին Միրաքյանը հավաստիացրեց, որ իրենց կենտրոնում սարքավորումները թեեւ շատ նոր չեն, այնուամենայնիվ բավարարում են ներկայացված բոլոր պահանջներին։ «Նոր սարքավորումների ներկրումն իրենից բավական ծախսատար գործընթաց է ներկայացնում, սակայն ժամանակ առ ժամանակ լինում են հովանավորներ, բարերարներ, որոնք մեզ օգնում են նոր սարքավորումներ ձեռք բերել»,- տեղեկացրեց բժիշկը։
Խոսելով կրծքագեղձի քաղցկեղի տարածման համաշխարհային միտումների մասին՝ Մարտին Միրաքյանը նկատեց, որ հիվանդությունը չի խնայում ոչ զարգացած, ոչ էլ զարգացող երկրների իգական սեռի ներկայացուցիչներին «Եթե 15-20 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղը կանացի օնկոլոգիական հիվանդությունների շարքում զբաղեցնում էր 4-րդ տեղը, ապա այժմ այդ հիվանդությունն 1-ին տեղում է։ 2-րդ տեղում է արգանդի քաղցկեղը»,- ամփոփեց մասնագետը։




























