Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո Իտալիայի քաղաքացիական ավիացիայի ազգային ծառայությունը (Enac) երկուշաբթի տեղեկացրել է երկրի բոլոր օդանավակայաններում հսկողության լրացուցիչ միջոցառումներ ներդնելու մասին:

Ահաբեկչություններից անմիջապես հետո Իտալիայի ՆԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն կարգադրել է անհապաղ ուժեղացնել հանրային անվտանգության միջոցառումները սահմանների վրա ու երկրի ներսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ասված է ծառայության հայտարարության մեջ, Enac-ը օդանավակայանների ղեկավարներին կարգադրել է ուժեղացնել պաշտպանությունը եւ անվտանգության միջոցառումների իրականացման համար պատասխանատու մասնագետների հսկողությունը՝ ի լրումն անվտանգության արդեն ուժեղացված միջոցառումների, որոնք անցած հանգստյան օրերին էին ներդրվել համազգային մակարդակով:

Այս առնչությամբ Enac–ը դիմել է երկրից մեկնող բոլոր ուղեւորներին՝ ժամանակին օդանավանական գալու խնդրանքով, քանի որ հսկողության բոլոր փուլերն անցնելու համար հիմա ավելի շատ ժամանակ է պահանջվում:

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում կատարվել էին մի շարք ահաբեկչություններ: Անհայտ անձինք հրաձգություն էին բացել ռեստորաններից մեկի վրա, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարեւանությամբ, որտեղ այդ պահին Ֆրանսիայի ու Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղն էր ընթանում, որին ներկա էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի դրանից, «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ անհայտ անձինք պատանդներ էին վերցրել: Վերջին տվյալներով՝ մոտավորապես 130 մարդ է զոհվել: