Ոստիկանությունը Փարիզի Վոլտեր բուլվարում հայտնաբերել է մահապարտ-ահաբեկիչ Իբրահիմ Աբդեսլամի բնակարանը: Այս մասին գրում է ֆրանսիական Figaro պարբերականը:
Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Բոբինյի քաղաքի բնակարանն օգտագործվել է հարձակումներից մի քանի շաբաթ առաջ: Բնակարանում հեռախոսներ եւ գաղտնալսող սարքեր են գտել: Պարբերականի փոխանցմամբ, բնակարանը կարող էր հարձակումները կազմակերպելու համար ահաբեկիչների հավաքատեղի ծառայել:
Ավելի վաղ 31-ամյա Աբդեսլամի մայրը պաշտպանել էր որդուն: Նրա խոսքով, իր որդին չէր ցանկանում որեւէ մեկին սպանել, նրան այդ քայլին կարող էր դրդել սթրեսային վիճակը: Բացի այդ, նա ենթադրում է, որ որդին պատահաբար է գործի դրել շահիդի գոտին:
Իբրահիմ Աբդեսլամը միայնակ հարձակում է գործել Վոլտեր բուլվարի սրճարանի վրա: Այն գտնվում է Le Bataclan համերգասրահից ոչ հեռու, որտեղ ահաբեկիչներն սպանդ են իրականացրել:
Իբրահիմի եղբայրը՝ Մոհամմեդ Աբդեսլամը, ահաբեկչությունների հաջորդ օրը ձերբակալվել է Բրյուսելում: Ոստիկանությունը կասկածում է, որ նան կարող էր կապ ունենալ հարձակումների հետ: Նրանց մյուս եղբորը՝ Սալահ Աբդեսլամին ձերբակալել չի հաջողվել: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով ավելի քան 130 մարդ է զոհվել, շուրջ 300 հոգի վիրավորվել է:





























