Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները տեղյակ են եղել այն մասին, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչները կապեր են ունեցել ջիհադականների հետ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Նրանցից մի քանիսի գործերում շրջանառվում է «արմատական» բառը, իսկ նրանցից 5-ը եղել են Սիրիայում, որից հետո վերադարձել էին Ֆրանսիա եւ Բելգիա։ Հատուկ ծառայությունները տեղյակ են եղել, որ այդ տղամարդիկ ծայրահեղական գաղափարներ էին քարոզում, սակայն չեն կարողացել կանխել նրանց դավադրությունը, հայտնում է պարբերականը։
«Մենք գիտենք, որ նրանց մեծ մասը վերադարձել է Սիրիայից, եւ ոչ ոք չի կարողացել նրանց կանգնեցնել»,- ասել է Ֆրանսիայի արտաքին եւ ռազմական քաղաքականության խորհրդի անդամ Նատալի Գուլեն։ Նշվում է, որ Աբդել Համիդ Աբուր Աուդը, ում Ֆրանսիայի իշխանությունները համարում են ահաբեկչությունների շարքի կազմակերպիչը, այն ջիհադականների համախոհն է եղել, որոնք սպանվել էին այս տարվա հունվարին Բելգիայի Վերեւյե քաղաքում։
«Իմ անունը եւ լուսանկարը հայտնվել էր բոլոր նորություններում, սակայն ես կարողացա մնալ երկրում եւ նրանց դեմ գործողություններ մշակել»,- ասել է ահաբեկիչը։
Մեկ այլ գրոհային Սամի Ամիմուրը 2012թ. հետաքննության տակ էր ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով։ Սակայն դա նրան չէր խանգարել մեկնել Սիրիա, իսկ 2014թ. հոկտեմբերին վերադառնալ Ֆրանսիա եւ մնալ ազատության մեջ, մինչեւ ահաբեկչությունը կազմակերպելը։
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի վրա հարձակման մասնակիցներից մեկին կասկածում էին ծայրահեղական գաղափարներ ունենալու մեջ։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ 2014թ. իրենք 2 անգամ իրենց ֆրանսիացի գործընկերներին տեղյակ էր պահել, որ Իսմայիլ Օմար Մոստեֆան հասարակության համար սպառնալիք է ներկայացնում, բայց Ֆրանսիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցառումներ չէին ձեռնարկել։
Ողբերգությունից հետո Բելգիայի կառավարությունը հայտարարել էր, որ ահաբեկիչները Բելգիայում իրենց հաղորդագրությունները փոխանցելու համար օգտագործում են Sony Play Station 4-ը։





























