Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող Սալահ Աբդեսալամը եւ իր հանցակիցները, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հանցագործության իրականացումից կարճ ժամանակ առաջ սենյակներ են վարձել ֆրանսիական Ալֆորվիլի (Վալ-դը-Մարնի դեպարտամենտ) մի հյուրանոցում, գրում է Le Point ամսագիրը: Հյուրանոցի համար վճարել են Աբդեսալամի պլաստիկ քարտով:
Ամսագրի կայքում տեսանյութ է հրապարակվել, որի վրա երեւում են հյուրանոցի այն համարներում նկարահանված կադրեր, որտեղ կանգ են առել Աբդեսալամն ու իր հանցակիցները: Սենյակներում պիցցայի բազմաթիվ տուփեր կան սննդի մնացորդներով, շոկոլադե թխվածքաբլիթի մնացորդներ:
Բացի այդ, տեսանյութում բազմաթիվ ներարկիչներ են երեւում, կարճ ասեղներ, ինտուբացիոն խողովակներ:
Այժմ փորձագետները պիտի պարզեն, թե բժշկական իրերն օգտագործվել են մահապարտի գոտի պատրաստելու համար, թե մաշկի տակ ներարկումների: Le Point-ը հարց է տալիս, թե արդյոք ահաբեկիչները թմրանյութի ազդեցության տակ են եղել: Ամսագիրը հիշեցնում է, որ ականատեսներից մեկի խոսքով, «հարձակվողները կենդանի դիակի տեսք ունեին», տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:





























