Փարիզն ու Սիրիան ներկայումս թիվ մեկ թեման են համաշխարհային մամուլի գլխագրերում, բայց Հարավային Կովկասում իրադարձությունները մտահոգիչ են թույլ կառավարման եւ պատերազմի ռիսկի պատճառով: Այս մասին The National Interest-ի համատեղ հոդվածում գրում են Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ Բելառուսում եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:
Տարածաշրջանի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ըստ հոդվածի, նարբեր ներքին ու արտաքին քաղաքական կուրս են որդեգրել, բայց բոլոր երեք երկրները բախվում են Ռուսաստանի ինտենսիվ ճնշմանը, որը փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին:
«Ներկայումս Արեւմուտքը պետք է գործի՝ նպատակ ունենալով նվազեցնել նոր պատերազմի հավանականությունը, եւ ճնշում գործադրի մեծ քաղաքական բազմակարծություն ապահովելու համար: Ամենալուրջ մտահոգության պատճառ է Ադրբեջանի ներքին իրադարձությունները եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարները»,-գրում են դիվանագետները:
Վերջին 18 ամիսներին, ըստ հոդվածի, Ադրբեջանը պարբերաբար ճնշում է գործադրում մամուլի եւ մարդու հիմնարար իրավունքների վրա: «Նոյեմբերի 1-ի կեղծված խորհրդարանական ընտրություններն իշխող կուսակցության համար ապահովեցին ճնշող ձայներ: Չի եղել հավաստի մոնիտորինգ, քանի որ ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհրդարանը դադարեցրել են իրենց առաքելությունները, երբ Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տվել նրանց գործել միջազգային չափանիշներին համապատասխան: Առանցքային ընդդիմադիրները մնում են կալանքի տակ: Միակ լուսավոր շողը իրավապաշտպան ակտիվիստ Արիֆ Յունուսին բանտից ազատելն ու տնային կալանքի տակ պահելն է՝ առողջության վիճակի պատճառով: Նրա կնոջը՝ Լեյլա Յունուսին, Իլդար Մամեդովին եւ այլ քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը անտեսվել են»,-ասվում է հոդվածում:
Դիվանագետները նշում են, որ Ադրբեջանում աճում է հակաարեւմտականությունն ու ռուսամետ հռետորությունը՝ որը ելնում է պաշտոնական աղբյուրներից: Այն ելնում է այն թեզից, թե Արեւմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը, ցանկանում է Բաքվում կրկնել ուկրաինական «Մայդանը»:
«Նավթի ու գազի գների անկումն ազդել է Ադրբեջանի բյուջեի վրա, բանկային համակարգը ճգնաժամի մեջ է: Կոռուպցիայի մեղադրանքով անվտանգության հարցերով նախարարի եւ Հաղորդակցության հարցերի նախարարի վերջին պաշտոնանկությունները վկայում են ավտոկրատ Ալհամ Ալիեւի շրջապատում պառակտման եւ նրա կողմից առանցքային նախարարությունների վերահսկողության անբավարարության մասին»,-ասված է հոդվածում:
Միաժամանակ նշվում է, որ իրավիճակը ԼՂ հակամարտության շփման գծում կարող է վատթարանալ, քանի որ աճում է զոհերի թիվը դիպուկահար կրակոցների եւ ժամանակակից սպառազինությունների օգտագործման հետեւանքով: «Երկկողմ եւ միջազգային խաղաղ ջանքերը մնում են սառեցված, քանի որ համապատասխան առաջնորդները ջանքեր չեն գործադրում իրենց հասարակությունները խաղաղության պատրաստելու հարցում: Մոսկվան իր հերթին, կողմերին զենք է մատակարարում: Գլխավոր ռիսկը փոքր բախումներից բխող մեծ էսկալացիան է: Այդ սցենարը կարող է ավարտվել Ալիեւի հեղինակության անկմամբ, որը կգնա ռազմական հարվածի՝ սեփական ազգը միավորելու համար: Իհարկե, Ալիեւը պետք է հաշվի առնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտպանողական պայմանագիրը եւ իր պարտության հավանականությունը: Այդուհանդերձ, նա օգտագործում է հիստերիան, պոպուլիզմը եւ անկանխատեսելի հարվածները՝ հասարակության աջակցությունն ստանալու համար: Նա նաեւ վիժեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, որը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միակ հույսն է»,-իրենց հոդվածում նշում են դիվանագետները:
Հոդվածում նշվում է, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում համեմատաբար հանգիստ է: «Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքելու փոխարեն: Հայաստանն ու ԵՄ-ն ներկայումս բանակցություններ են սկսվում, որի նպատակը հին ասոցացման համաձայնագրի մի մասը փրկելն է եւ այն Հայաստանի՝ ԵՏ անդամակցության հետ համաձայնեցնելը: Երեւանի այդ ջանքերն ուղղված են արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության պահպանմանը, հարուստ շուկա դուրս գալուն, որը կարող է բարդություններ առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Հայաստանը պահպանում է թշնամական վերաբերմունքը Ադրբեջանի հետ՝ կապված ԼՂ խնդրի հետ, չնայած դա ծանր է նստում երկրի տնտեսության վրա, ուժեղացնում է կիսաավտորիտար քաղաքական համակարգը եւ Ռուսաստանին լծակներ է տալիս ԼՂ հակամարտությունում»,-ընդգծել է հեղինակները:
Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Միջին Արեւելքի միջեւ առանցքային դիրքը, ըստ հոդվածի, պահանջում է, որպեսզի Արեւմուտքը մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի վրա: «Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խաղաղարար գործունեությունն արդեն վաղուց հիասթափեցնում է Արեւմուտքին ու Ռուսաստանին, բայց այն նախկինի պես պետք է շարունակել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լայնամասշտաբ պատերազմի վերածելու ռիսկը կրճատելու համար: Հակամարտությունը կարող է Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշել: Դրա համար կողմերը պետք է որոշում կայացնեն, որ դեմ առ դեմ բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ առաջընթացի միակ ուղին են: Երկրորդ, Արեւմուտքը պետք է շարունակի «խիստ սիրո» քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ՝ ավտորիտարիզմի դեմ դիմակայելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համատեքստում»,-ամփոփել են իրենց հոդվածը դիվանագետները:





























