Վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարը վտանգավոր է համարում, գրում է «Ախալի Թաոբա» թերթը:
Նրա խոսքով, դա Վրաստանին ոչ մի լավ բան չի բերի, բացի այդ, լուրջ խնդիրներ կստեղծի ողղափառության համար:
Փորձագետն, այս կապակցությամբ, կասկածելի է համարել Մոսկվայի լռությունը: Նա չի բացառել, որ կոնֆեդերացիայի գաղափարը բխում է հենց Կրեմլից, որը հնարավոր է, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայամանագրի առարկա է:
Նշենք, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկել էր երկու խորհրդային նախկին հանրապետությունների միջեւ կոնֆեդերացիա ստեղծել: Առայժմ, հայտնի չէ, թե ինչ է նկատի ունեցել Վրաստանի նախագահը: Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել առաջարկին: Ի դեպ, պաշտոնական Բաքուն արդեն յոթ ամիս հավանություն չի տալիս Ադրբեջանում Վրաստանի դեսպանի նշանակմանը:



























