8 ներգաղթյալ Եվրոպա են ներթափանցել նույն անձնագրով, որով Փարիզի մարզադաշտնում իրեն պայթեցրած ահաբեկիչը, հայտնում է Daily Mail-ը։
Stade de France մարզադաշտում իրեն պայթեցրած մահապարտը իր մոտ ունեցել է 25-ամյա Ահմադ Ալմուհամմադ անունով անձնագիր։ Հայտնի է, որ անցյալ ամիս նա Հունաստանի Լերոս կղզում ապաստան էր խնդրել, որտեղ եւ նրան գրանցել էին այդ անձնագրով։ Սակայն սերբական ոստիկանությունը երեկ հաշվետվություն էր ներկայացրել այն մասին, որ կալանավորել է նույն անձնագրային տվյալներն ունեցող մի մարդու։
Սերբիայի ոստիկանությունը հայտնում է, որ այդ նույն տվյալներով՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, օր, ամիս, գրանցվել է 8 տարբեր մարդ, որոնք այդ նույն անձնագրով մտել են Եվրոպա։ Ոստիկանությունը պնդում է, որ անձնագիրը տպվել է իրականում գոյություն ունեցող մարդու տվյալների հիման վրա։ Այս պահին ինտերպոլը որոնում է այս մարդկանց, որոնց կասկածում են ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Այս նորության ֆոնին նորից թեժացել են քննարկումները, թե պետք խստացնել ԵՄ սահմանների հսկողությունը, հատկապես որ տարվա սկզբից Հունաստան է ժամանել ավելի քան 670 000 փախստական։
Փախստականների հոսքի ֆոնին սիրիական անձնագրերի վաճառքը պրակտիկայում լայնորեն կիրառվում է։ Ծննդյան վկայականը եւ անձը հաստատող տարբեր թղթերն արժեն 165 ֆունտ։ Պարբերականի լրագրող Միք Ֆեջը որոշել է փորձել կեղծ սիրիական անձնագիր ստանալ։ 1300 ֆունտով նրան տվել են նույն այն անձնագրից, որը ԻՊ-ը բաժանում է Եվրոպայում իր լրտեսներին։






























