Հասարակության մեջ շատ տաբուներ կան. ազգը հենց այդ տաբուների պատճառով է տգիտության մեջ . չեղավ մի ղեկավար, որ մաքրի ստեղծված ավգյան ախոռները՝ Ղանդիլյանի, Մարիուս Ջիլբաշյանի սպանություններից մինչեւ մարտի 1, սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց երգահան Ռուբեն Հախվերդյանը։
Մասնավորապես անդրադառնալով մարտի 1-ի սպանդին, Հախվերդյանը հայտարարեց. «Եթե դու գնում ես բանակցությունների, ու քո մոտ այդպիսի ակցիա է եղել, ու տասից ավելի երեխաներ են զոհվել, դու ի՞նչ երեսով ես գնում այդ մեկին ասում, որ ֆաշիստ ես։ Չե՞ն ասի՝ եկել ես, խոսում ես ցեղասպանության և այլնի մասին, երբ ինքդ քո պետության մեջ, քո ընտանիքում դու քեզ կարգին չես պահում»: Նա նաեւ նշեց, որ թեեւ այս ամենը բոլորին զայրացնում է, բայց մարդիկ շարունակում են հլու-հնազանդ լռել։ «Դա նշանակում է, որ մենք քաղաքակի՞րթ ազգ ենք, թե՞ վախկոտ ենք»,- հռետորական հարց բարձրացրեց Հախվերդյանը՝ հավելելով, որ վախկոտությունը տգիտությունից է գալիս, եւ որ տգետներին պետք է վարժեցնել համարձակ, պարզ մտածել։
Ամփոփելով՝ երգահանը նշեց, որ այսօր կապիտալիստական դիրքերից խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր ամենաշատը կարող էին հրահանգիչ կամ կոմսոմոլի քարտուղար դառնալ։ «Ես շատ անգամներ եմ ասել,որ գողերը շատ ավելի մաքուր եւ արդար են, քան մեր շատ իշխանավորներ, որովհետև եթե գողը «общак»-ից բան գողացավ, նրան գնդակահարություն է հասնում։ Իսկ սրանք «казнокрад»-ներ են, «общак»-ից բան են գողանում, թոշակառուներին փող չեն տալիս։ Ու միչեւ մեր միջի այդ վիշապը, ճորտը չսպանենք, այսպես էլ ամենը կշարունակվի»,- ասաց երգահանը:




























