Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «զրույցի» է հրավիրել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց գործունեությունը տեսչությանը կասկածելի է թվացել: 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, անցկացված հետաքննությունների արդյունքում հաստատվել է, որ վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ լրջորեն խախտում են  «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի  10-րդ եւ 11-րդ կետերը` տարբեր պետական կառույցների, նրանց ղեկավարների եւ աշխատակիցների, ինչպես նաեւ Գլխավոր դատախազությունում հետաքննվող քրեական գործերի մասին   զրպարտչական բնույթի, իրականությանը չհամապատասխանող, չհաստատված տեղեկություններ   տարածելով: 

Դրա հետ կապված` Լրատվական անկախ գործակալության  (Mia.az), «Cumhuriyyət»-ի, «Qaynarinfo»-ի, «Gündəminfo»-ի, «Criminal.az»-ի, «Strateq.az»-ի, «İstiqlal.az»-ի, «Jurnalist Araşdırma Mərkəzi»-ի (JAM.az) եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել են Գլխավոր դատախազություն: «Դատախազության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, նրանց պաշտոնապես զգուշացրել են, որ եթե շարունակեն իրականությանը չհամապատասխանող, կանխակալ եւ զրպարտչական տեղեկություններ տարածել, նրանց վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված լուրջ միջոցներ ձեռք կառնվեն: