Նարդարանում ոստիկանության հետ այսօրվա բախման ընթացքում երկու հոգի զոհվել է, մի քանի հոգի վիրավորվել:  Պաշտոնական մարմինները մեկնաբանություններից հրաժարվում են: Այդ մասին տեղեկացնում է  Contact.az-ը:

Սաբուչինյան շրջանի թիվ 3 հիվանդանոցից, ուր տեղափոխվել են տուժածները,   Turan գործակալությանն ասել են, որ իրենց արգելված է զոհվածների եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել:  Նախնական տվյալների համաձայն, երկու ոստիկան զոհվել է իրենց ուղղությամբ նետված նռնակի պայթյունից, եւս մի քանի մարդ վիրավորվել է:  Բախման ընթացքում ոստիկանությունն ու տեղացիները ինքնաձիգներ եւ ատրճանակներ են օգտագործել: 

Ներքին զորքերի զինվորները, մի քանի ավտոբուսով պաշտպանության տակ են առել Բաքվի Սաբուչինյան շրջանի ոստիկանության շենքը: Ականատեսների խոսքով,   զինվորները վահաններով շարվել են շենքի շուրջը եւ ոչ մեկին մոտ չեն թողնում:  Նրանց հայտնվելու պատճառն այն է, որ հենց Սաբուչինյան շրջանի ոստիկանություն են հասցվել այսօր Նարդարանում ձերբակալված  «Մահմեդական միասնականություն» շարժման առաջնորդ Թալե Բագիրզադեն ու նրա մի քանի կողմնակից: Դրանից հետո Նարդարանի բնակիչների մի խումբ մոտեցել է շենքին` պահանջելով ազատ արձակել նրան:  

Ավելի վաղ հատուկ ծառայությունների խումբը սեւ դիմակներով ներխուժել էր  «Հուսեյնիյա» սրբավայր, որտեղ աղոթում էին հավատացյալները, եւ ծխագլաններ էր նետել:  Թալե Բագիրզադեի ու եւս մի քանիսի գլխին սեւ պարկեր էին հագցրել եւ դուրս էին հանել տարածքից: Ընդ որում, որոշ ներկաների դեմ ինչ-որ դեղամիջոցներ էին կիրառվել եւ վերջիններս կորցրել էին գիտակցությունը:  Դրանից անմիջապես հետո Նարդարան գյուղում զանգվածային հուզումներ են սկսվել եւ մարդիկ ինանբուխ հավաք են անցկացրել: