Ադրբեջանական Նարդարանում խոշոր բախումից հետո շարունակվում են բախումները ոստիկանների հետ:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը, Գյանջայում ձերբակալվել է շիա իսլամիստների առաջնորդ Թալե Բագիրզադեի կողմնակիցը:

Տեղեկատվության համաձայն, Գյանջայի բնակիչ Ռուզի Իսմայլովը նախօրեին Նարդարանում ձերբակալված, «Մուսուլմանների շարժում» կազմակերպության անդամներին աջակցելու նպատակով եկել է Շահ Աբաս մզկիթի մոտ: Ձերբակալման ժամանակ Ռուզի Իսմայլովը գրոհել է ոստիկանության մայոր Օգթայ Օրուջեւի վրա եւ փորձել է նռնակ պայթեցնել:

Իսմայլովը ձերբակալվել է, նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է երկու մարտական նռնակ եւ 14 գրամ հերոին: Մեկ այլ իսլամիստ ծայրահեղականի՝ Սաբիր Ալիեւի ձերբակալման ժամանակ, նրա մոտից առգրավվել է TT ատրճանակ՝ փամփուշներով եւ  թմրանյութ: