Սովորաբար, բնակչության եկամուտների տեսանկյունից դիտարկվում են ոչ առեւտրային նշանակության տրանսֆերտները: Ֆիզիկական անձանց հաշվին կատարվող այդ դրամական փոխանցումներում Թուրքիայի դերն աննշան է: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ոչ առեւտրական փոխանցումների ներհոսքի մեջ մեր հարեւանի մասնաբաժինը կազմել է չնչին 0,15 տոկոս: Արտահոսքի առումով այդ ցուցանիշը չնայած ավելի մեծ էր, սակայն նույնիսկ 1,0 տոկոսի չէր հասնում:
Համեմատության համար` ոչ առեւտրական նշանակության փոխանցումների ներհոսքում Ռուսաստանի մասնաբաժինը վերոհիշյալ ժամանակահատվածում կազմում էր 76,3 տոկոս (նախկինում հասնում էր մինչեւ 85 տոկոսի), իսկ արտահոսքում` 64,5 տոկոս: Նշենք, որ ընդհանուր առմամբ դեպի Հայաստան փոխանցումների ներհոսքը գերազանցում է արտահոսքը (ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ավելի քան 4,5 անգամ):
Պատկերն ըստ երկրների որոշ չափով փոխվում է, եթե դիտարկենք ֆիզիկական անձանց փոխանցումների ամբողջ ծավալը: Այսինքն` առեւտրական բնույթի փոխանցումների հետ միասին վերցրած: Այստեղ Թուրքիայի, որպես մեր առեւտրականների գործունեության վայրի դերը մեծանում է: Օրինակ` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին այն հասել է մինչեւ 1,7 տոկոսի:
Վերջին տարիների ընթացքում դեպի Թուրքիա փոխանցվող գումարները զգալիորեն կրճատվել են, ինչն ակնհայտորեն երեւում է ստորոբերյալ գրաֆիկից: Այսպես, վեց տարվա ընթացքում այդ երկիր դրամական փոխանցումների ծավալը նվազել է մինչեւ 1,8 անգամ: Բացարձակ արտահայտությամբ անկումը կազմել է 17,4 միլիոն դոլար: Սակայն ներհոսքի եւ արտահոսքի միջեւ տարբերությունը շարունակում է բարձր մնալ:
Նշված ժամանակահատվածում մեր ներմուծողները սկսել են ավելի շատ թուրքական ապրանք գնել Թուրքիայից դուրս: Այսպես, եթե 2009-ին երրորդ երկրներից ձեռք բերվող թուրքական ապրանքների ընդհանուր գումարը 20 մլն-ից պակաս չէր, այժմ արդեն ավելի քան 105 մլն դոլար է կազմում: Միաժամանակ անմիջապես Թուրքիայից ապրանքների ներմուծումը կրճատվել է ավելի քան 31 մլն-ով կամ էլ մոտավորապես 20 տոկոսով:






























