Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կենդանիների պաշտպանները կաթի նախկին ֆերմայի տարածքում երկու սեւծովյան դելֆինների են հայտնաբերել: Այս մասին նշում է Հյուսիսային Կովկասի բնապահպանական հսկողության կայքը:

Դելֆիններին պահել են կեղտոտ ջրով լի սիլոսի հորում: Նշվում է, որ կենդանիների մարմինների վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել:

«Ակտիվիստները պարզել են նրանց նախկին պահման վայրը. դեռեւս նախորդ ամռանը էգ եւ արու Դելֆային եւ Զեւսին պահել են ժամանակավոր դելֆինարիումում մերձմոսկովյան Իզմայլովոյում: Կենդանիներին բռնել են Սեւ ծովում 1,5 տարի առաջ, եւ նրանք ամբողջական վարժեցման կուրս չեն անցել»,-ասված է հաղորդագրությունում:

Ակտիվիստները դիմել են դատախազություն: Նրանք հայտարարել են, որ պահանջել են անհապաղ դելֆինների համար նորմալ պայմաններ ապահովել: