Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համոզված է, որ Սահմանադրական փոփոխություններն արվում են կառավարման համակարգը մրցակցային դարձնելու համար:

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Միքայել Մելքումյանն ընդգծել է, թե ինչու պետք է հասարակությունը կողմ քվեարկի Սահմանադրական փոփոխություններին:

«Լավ բան է արված, եթե չես վստահում, չի նշանակում, որ պետք է դեմ քվեարկես: Սա միայն իշխանությունների նախաձեռնությունը չէ: Սահմանադրական փոփոխությունները պաշտպանում են նաեւ ՀՅԴ, ԲՀԿ-ն: Պաժար չի, որ որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում»,- ասել է Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները պետք չէ վերածել անձնական բանավեճի, պետք է հասկանալ, որ Հանրապետության նախագահը սա նախաձեռնել է, որ կառավարումն առավել մրցակցային լինի:

«Մրցակցային կառավարումն էլ իր հերթին նշանակում է, որ ընդդիմությանը մեծ հնարավորություններ են տրվում: Ընդդիմությունը որ էսքան քննադատում է, իշխանություններն ասում են՝ արի մեր կողքը կանգնիր եւ մեզ հետ աշխատիր: Ընդդիմությունը գործառույթներ է ստանում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: