Ադրբեջանի Լենքորանի շրջանում՝ մզկիթի դիմաց, ձերբակալվել է զինված միջադեպի կազմակերպիչը։

Ինչպես АPА գործակալությանը հայտնել է Լենքորանի շրջանային ոստիկանության ղեկավարի տեղակալ Ջավիդ Աղաեւը, իրականացված հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալվել է մզկիթի մոտ հավաքված խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ արձակած Արիֆ Ֆեյզուլաեւը։ Միջադեպի մյուս մասնակիցներին  փնտրում են։

Զինված միջադեպը Լենքորանի շրջանի Գումբաշի գյուղում տեղի էր ունեցել սեպտեմբերի 3-ին։ Հանցագործները Winchester մակնիշի հրացաններից կրակ էին բացել մզկիթի մոտ հավաքված գյուղացիների վրա։ Ստացած վնասվածքներից մահացել էր նույն գյուղի բնակիչ Էլշան Հուսեյնովը։ Մեկ այլ գյուղացի տեղափոխվել էր հիվանդանոց։

Հատկանշական է, որ միջադեպի մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չէին հաղորդել։ Ալիեւյան կլանի՝ լրատվամիջոցների վրա ունեցած վերահսկողության պայմաններում, միջադեպի մասին հայտնի էր դարձել միայն դրա կազմակերպչին ձերբակալելուց հետո։