Հայերին թուրք ժողովրդի հետ խաղաղության, բարեկամության եւ համաձայնության կոչ է արել հայկական արմատներով բուլղարացի երգիչ Բեդրոս Կիրկորովը` Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է «քաղցր լեզվով» թուրքերից վերցնենք մեր հողերը։ Մենք պետք է խաղաղությամբ, բարեկամությամբ եւ ջերմությամբ Թուրքիայից վերցնենք այն, ինչ մեզ է պատկանում։ Ես շատ զարմացա հայ ժողովրդի այն բացասական արձագանքից, որը հետեւեց իմ որդու՝ Ֆիլիպ Կիրկորովի՝ թուրքական դրոշի տակ եւ թուրքերեն լեզվով երգի տեսահոլովակին։ Պետք է միմյանց հանդեպ համբերատար լինել եւ հասնել դրված նպատակներին»,- խորհուրդ տվեց Կիրկորով-ավագը՝ խոստանալով, որ եթե իր որդին  Հայաստանից հրավեր ստանա, անպայման համերգներով կժամանի Հայաստան։ Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց մենահամերգով հանդես գալ Հայաստանում։ «Իմ երգացանկում հայկական եւ բուլղարական շատ լավ երգեր կան»,- նշեց երգիչը։

Ինչ վերաբերում է Ֆիլիպին, ապա նա համերգներով հանդես գալու խնդիր ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում։ «Ադրբեջանի նրա մենահամերգը չկայացավ։ Բառացիորեն համերգի նախօրեին ինձ զանգահարեց Ադրբեջանի այն ժամանակվա մշակույթի նախարար Փոլադ Բյուլբյուլօղլին եւ ասաց, որ լավ կլինի՝ Ֆիլիպն Ադրբեջան չգնա, եւ ես չթողեցի նրան գնալ այնտեղ»,- նշեց Կիրկորով-հայրը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, ուր նա առաջին անգամ է եղել, երգիչը նկատեց, որ «դա հող է, որն իր մեջ կենտրոնացրել է հայրենասիրությունը եւ ազգասիրությունը»։ Իսկ ահա Հայաստանից նա այնքան էլ լավ տպավորություններ չի ստացել։ Խոսելով նախորդ օրը «Կարոտ» փառատոնի շրջանակներում առաջադրված «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մասին՝ Կիրկորովը զայրացած հայտարարեց. «Ի՞նչ էր դա, միթե՞ չէր կարելի հավելյալ 10-15 հազար դոլարով դերասաններին ապահովել բարձրախոսներով, չէ՞ որ տեքստի կեսը չէր լսվում»։

Նշենք, որ Բեդրոս Կիրկորովը Հայաստանում է «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է սեպտեմբերի 2-ին եւ Հայաստանում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 7-ը։ Փառատոնի շրջանակներում Հայաստան են եկել համաշխարհային մասշտաբի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Իգոր Կոստոլեւսկին, Էմանուիլ Վիտորգանը։