Իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վերջին ժամանակներս շարունակում է վատանալ։ Շաքարախտը տեսողական խնդիրներ է առաջ բերել, ձախ աչքում մթագնում է հայտնվել։ Հեպատիտ С-ն շարունակում է քայքայել նրա լյարդը։ Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ նրա աղիները գրեթե չեն գործում։ Նրա մոտ ուժեղ փորլուծություն կա։ Այդ պատճառով Յունուսը ուտելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի (մեկ տարուց ավելի է, ինչ տաք ուտելիք չի ընդունում)։ Նա սաստիկ նիհարել է եւ ուժեղ գլխապտույտներ ունի, գրում է Turan-ը։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լեյլա Յունուսը շտապ լեղապարկի քարերը հեռացնելու վիրահատության կարիք ունի։ Դա այս պահին անհնար է անել, քանի որ դրա համար վերականգնողական շրջան է անհրաժեշտ, ինչը բանտի պայմաններում անհնարին է։

Վատթարացել է նաեւ Արիֆ Յունուսի ինքնազգացողությունը։  Խափանման միջոցը փոխելուց հետո նրա ճնշումը ոչ միայն չի կարգավորվել, այլ նաեւ անկայունացել է եւ հաճախ է հատում 200-ի ցուցանիշը։ Նա շատ ծանր է տանում կնոջ հետ տեղի ունեցածը եւ այդ պատճառով բարձր ճնշումը պահպանվում է։ Դրա հետ մեկտեղ ճնշման տատանումներն անդրադառնում են նաեւ սրտի եւ անոթների վրա, ինչի հետեւանքով այտուցվել եւ ցավում են նրա ոտքերը։