Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը: (ֆոտոռեպորտաժ)

Երթից առաջ ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին զգուշացրին ուշադիր ու զգոն լինեն, չտրվել սադրանքների, միասնական քայլել, օգնել միմյանց:

Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։

Երթի մանսակիցներն իրենց հետ տանում են ՀՀ դրոշները, «Պայքարը կյանք է, անտարբերությունը՝ մահ», «Ազգը կամ տականքը» գրությամբ պաստառներ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների հերթապահ խումբ է մնացել:

Հիշեցնենք, որ շարժումը քաղաքապետարանից թույլտվություն է վերցրել նաեւ հրապարակում վրաններ տրամադրելու վերաբերյալ: Քաղաքապետարանը մերժել է դիմումը:

Երթից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ սկսել Ազատության հրապարակում:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության:

 «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը: Հանրահավաքին մասնակցում են նաեւ  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, հանրահավաքին ուղերձ հղեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: