Ճապոնիայի իրավապահ մարմինները երեքշաբթի կալանավորել են «Յամագուչի գումի» խոշորագույն կլանի հետ կապ ունեցող տարբեր յակուձաների խմբավորումների եւս 3 պարագլուխների։ Այս մասին հայտնում է Kyodo News գործակալությունը։
Կալանավորվել են ինչպես «Յամագուչի գումի» սինդիկատի մանր կլանների անդամները, այնպես էլ սեպտեմբերին «Յամագուչի գումի»-ից առանձնացած «Կոբե գումիի» մաֆիոզիները։ Կալանավորվածների թվում է Ֆուկույամա քաղաքի մանր խմբերից մեկի ղեկավարը, որը հավատարիմ էր մնացել «Յամագուչի գումի»-ին։
Հիշեցնենք, որ եպտեմբերին խմբավորման մի հատվածն առանձնացել էր սինդիկատից եւ ձեւավորել էր ինքնուրույն միավորում՝ 3 հազար անդամներով։ Իշխանությունները տագնապներ ունեն, որ նրանց միջեւ ցանկացած պահի կարող են արյունալի բախումներ սկսվել։ Այդ նպատակով ոստիկանությունը ձերբակալում է հակամարտող խմբավորումների ղեկավարներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Յամագուչի գումի»-ում կա ավելի քան մեկ տասնյակ մանր խմբավորում։ 1980թ. սինդիկատում արդեն մեկ անգամ պառակտում էր եղել։ Այն ժամանակ դա հանգեցրել էր մոտ 300 միջադեպերի՝ զոհերով եւ վիրավորներով։





























