Վերահսկիչ պալատը հատուկ խստությամբ է ստուգել դրամաշնորհային եւ վարկային միջոցների օգտագործմանը վերաբերող վերահսկողության թեմաները: Նման հանձնարարություն է տվել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
ՎՊ-ից NEWS.am-ին հայտնում են, այսօր՝ դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ Առաջին, Երկրորդ, Հինգերորդ եւ Իններորդ վարչությունների աշխատակիցները եւ նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:
Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված եւ ՀՀ ՎՊ խորհրդի որոշումներով հաստատված արտածրագրային վերահսկողության թեմաների հետ կապված աշխատանքների ընթացքի եւ ամփոփման վերաբերյալ:
ՎՊ նախագահը շեշտել է սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտին հասցնելու եւ արձանագրված արդյունքները վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին:
Վերահսկիչ պալատի աշխատակիցները նշել են, որ պարոն Զաքարյանի հանձնարարականով հատուկ խստությամբ են ստուգել դրամաշնորհային եւ վարկային միջոցների օգտագործմանը վերաբերող վերահսկողության թեմաները:
Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ:





























