Փարիզյան գործողություններից հետո արեւմտյան շատ քաղաքական գործիչներ մտածում են, թե ինչպես կարելի է «Իսլամական պետությանը» ոչնչացնել ռումբերի եւ ցամաքային գործողությունների միջոցով, բայց անհնար է գրոհայիններին հաղթել սոսկ ուժային մեթոդներով, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Financial Times-ը:

Հոդվածի հեղինակը համարում է, որ ԻՊ-ին ոչնչացնելու համար անհրաժեշտ է վարկաբեկել խմբավորմանը, ինչի համար անհրաժեշտ է սուննի մահմեդականների աջակցությունը: Պետք է թույլ չտալ այնպիսի իրավիճակներ, որոնցում ԻՊ-ը դառնա սուննիների շահերը պաշտպանող միակ կողմը:  Չի կարելի թույլ տալ, որ ԻՊ-ը սուննիներին համոզի, թե Արեւմուտքն իրենց դեմ է պատերազմ մղում, ընդգծում է պարբերականը: Նշվում է, որ ձեւավորված հակամարտության մեջ Արեւմուտքի համար սուննիների աջակցությունը ծայրաստիճան կարեւոր է:  

Հոդվածի հեղինակը նաեւ կարծում է , որ Մոսկվան պիտի սկսի ամբողջությամբ մասնակցել ԻՊ-ի դեմ պայքարին: Դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել, որ հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց, որովհետեւ սիրիական պետության ղեկավարի պաշտոնում նրա  գոյությունն ընդամենը երկարաձգում է հակամարտությունը: Եթե Ռուսսստանը Սիրիայի եւ Իրանի դաշնակիցներից չպահանջի  դադարեցնել կրակը, ԱՄՆ-ը ստիպված կլինի  անվտանգության գոտի ստեղծել, որը ոչ միայն Պուտինի համար կդժվարացնի Ասադի վարչակարգին աջակցությունը, այլեւ ընդհանուր առմամբ կսահմանափակի տարածաշրջանում նրա ազդեցությունը:  

Ամեն դեպքում Եվրոպայի համար շահավետ կլինի անվտանգության գոտու ստեղծումը, որովհետեւ կօգնի կանգնեցնել փախստականների հոսքը: Այն կհամապատասխանի նաեւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Արաբական Էմիրություններին շահերին, որոնք հանդես են գալիս սիրիացի սուննիների շրջանում կորուստները կրճատելու օգտին: