ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 5-ին հիշյալ հիմնարկի ծառայողը բռնություն է կիրառել իր նկատմամբ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 8-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են կատարել իր խցում, այդ ժամանակ վերջիններս բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոտնձգությունները դադարեցնելու նպատակով ինքը ստիպված գրպանից հանել է ածելին եւ կատարել ինքնավնասում, որից հետո բռնությունները դադարեցվել են:

Հիշյալ դեպքից ժամեր անց նույն հիմնարկի մեկ այլ ծառայող սպառնացել է առողջությանը վնաս պատճառել, հասցնել ինքնասպանության, եւ ձեռքի առարկայով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: