Հայաստանի կառավարման  ներկայիս համակարգը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի վերարտադրման համար։ Այս մասին դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը սակայն լռում է այն մասին, թե ինչու է ՀՀԿ-ն տարիներ շարունակ աջակցել այդ նույն պետական կառավարման համակարգին։

Նրա խոսքով՝ կիսանախագահական համակարգի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում կա 2 առաջնային մանդատ։ «Եվ այդ մանդատների կրողները՝ մի կողմից՝ նախագահը, մյուս կողմից՝ խորհրդարանը, քարոզարշավի ժամանակ խոստումներ են տալիս, որոնք պարտավոր են իրականացնել իրենց գործունեության ընթացքում։ Սակայն այստեղ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ նախագահը կարող է իր խոստումների կարեւորագույն մասն իրականացնել միայն մի դեպքում. եթե խորհրդարանում նրա քաղաքական թիմը մեծամասնություն է ներկայացնում»,- նշել է Մինասյանը։

Եվ այդ պարագայում դիլեմա է առաջանում. առաջին դեպքում, երբ նախագահը եւ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը  մեկ քաղաքական թիմի ներկայացուցիչ են, եւ երկրորդ տարբերակում, երբ նախագահը եւ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում։

«Համակարգը, որով մենք ապրում ենք վերջին 20 տարին, արդարացիորեն է քննադատության ենթարկվում մեր ընդդիմադիրների կողմից, որոնք պնդում են, որ այդ տարբերակը սահմանափակում է ցանկացած առաջընթաց, քանի որ ընդդիմության դերը բավական աննշան է, եւ գործը չի հասնում քաղաքական փոփոխություններին»,- հավելել է Մինասյանը։