Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօրվանից շտաբը տեղափոխում է Երեւանի Ազատության հրապարակ: Այս մասին այսօր՝ դկտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

«Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք իրենց սպասում ենք այստեղ: Մենք այսօր ժամը 18:00-ից նախատեսում ենք հավաքներ եւ ձեզնից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում, որպեսզի ճնշումն օրեցօր ավելանա»,-ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքի մասնակիցները քաղաքացիների օժանդակության կարիքն ունեն՝  կազմակերպչական հարցերը լուծելու համար:

«Մենք պետք է լուծենք մարզերից այստեղ եկած եւ այստեղ գիշերող քաղաքացիներին բաց երկնքի տակ չթողնելու հարցը, առջեւում ցուրտ օրեր են, եւ քաղաքացիներն այդ հարցում մեզ օժանդակելու խնդիր ունեն, մենք հովանավորող չունենք, մեզ օժանդակողը ժողովուրդն է: Հավաքի կազմակերպչական հարցերին օժանադակելու խնդրի վերաբերյալ արձագանքներ արդեն կան»,-ասաց նա:

Նա նշեց, որ Երեւանի Ազատության հրապարակում ժամը 18:00-ին տեղի կունենա հավաք, որտեղ կհայտարարվի հետագա գործողությունների հստակ ծրագիր:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու եւ իշխանությունների հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում: