Անցկացված հետազոտությունները ցույց են տվել՝ ժողովրդի միայն 10-15 տոկոսն է կողմ Սահմանադրական փոփոխություններին, մինչդեռ դեմ արտահայտվողները՝ եռապատիկ կամ քառապատիկ են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ այսքանից հետո իշխանությունները պետք է գոնե հետաձգեն հանրաքվեն: «Եթե թասիբը թույլ չի տալիս իշխանություններին՝ հետաձգելու այս հանրաքվեն կամ չեղյալ հայտարարելու, ապա պետք է գոնե թույլ տան՝ հանրաքվեն անցնի՝ առանց նրանց միջամտության»,- ասաց Արամ Մանուկյանը:
Խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք «Ոչ»-ի քարոզարշավն անցկացրել են Հանրապետության բոլոր մարզերում, անձամբ ինքը եղել է 80-85 համայնքում եւ այսօր արդեն համոզված է, որ ժողովուրդը դեմ է քվեարկելու փոփոխություններին: «20-25 օրվա հանդիպումներից հետո այսօր կարող եմ եզրակացնել. ժողովուրդը դեմ է ոչ թե ինչ-որ Սահմանադրության, այլ իշխանությունների ներկայացրած ծրագրին: Երկրորդ, ժողովրդի մոտ կա վիրավորվածություն, որ իրեն չեն տվել նախագիծը, որի համար ասում են՝ կողմ քվեարկիր: Երրորդ, բերքի հանդեպ իշխանության արհամարհանքն ավելի է բարկացրել մարդկանց: Չորրորդ, եթե նախկինում ժողովուրդը հայհոյում էր այս իշխանություններին, այսօր արդեն անիծում է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու պետք է ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրական փոփոխություններին, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Առաջին օրերին մենք էինք համոզում, վերջին օրերին իրենք էին արդեն ասում, թե ինչու է պետք «Ոչ» ասել այս փոփոխություններին: Առաջին գործոնն այն է, որ Սերժ Սարգսյանը սա անում է վերարտադրվելու համար: Երկրորդ, անվտանգության հետ կապված խնդիրն է, երբ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները բաժանվում է մի քանի անձանց միջեւ»: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:





























