Երեւանի Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց սկսած, Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները հրապարակում աստիճանների մոտ մեծ հովանոց են տեղադրել, 2 սեղան եւ աթոռներ՝ անձրեւից պաշտպանվելու նպատակով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները դիտողություն են արել նստացուցի մասնակիցներին, որ իրավունք չունեն Ազատության հրապարակում հովանոց տեղադրել, քանի որ իրազեկման թերթիկում նշված չի եղել եւ ավելի ուշ էլ լրացում չի կատարվել այդ մասին:
NEWS.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենք օրենքի շրջանակում են գործում եւ այդ մասին իրազեկելը ժամանակ է պահանջում, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ անհրաժեշտ է հիմա Ազատության հրապարակում հովանոց տեղադրելը:
«Ոչ մի ըմբռնում չկա, եթե գալու են բռնություն կիրառելով տեղահան անեն անձրեւանոցը, թող անեն, մենք օրենքի սահմանում ենք շարժվում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
Այս պահին Ազատության հրապարակում են մոտ 50 քաղաքացիներ, Գյումրիից եւ Վանաձորից նույնպես Երեւան են ժամանել քաղաքացիներ: Երեւանի Ազատության հրապարակի մուտքերը հսկում են ոստիկանները:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային շուրջօրյա հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու եւ իշխանությունների հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում:

































