«Բարգավաճ Հայաստանը» երբեք չի միացել ավանտյուրաներին ու ագրեսիվ կոչերին: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հակառակորդների անժամկետ ակցիան, որը դեկտեմբերի 1-ին է սկսվել:
Հանրահավաքի կազմակերպիչներին նա անվանել է չկայացած ու իրենց սպառած քաղաքական գործիչներ: «Ժողովուրդը նրանց չի աջակցում: Նրանք չեն կարողանում ոչինչ իրականացնել, ու մենք դա տեսանք: Եթե նրանք չեն կարողանում որոշել, թե ուր տանեն հավաքվածներին ու փողոցում կանգնած ՝ քննարկում են այդ հարցը, այդ դեպքում էլ ինչի՞ մասին ենք խոսում»,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է կայանա դեկտեմբերի 6-ին:





























