Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ամենակարեւոր քաղաքական կողմերից մեկը առանց ցնցումների իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունն է: Այդ մասին  դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: 

Նրա համոզմամբ, դա չափազանց պահանջված է հայ հասարակության կողմից: «Հայաստանի ոչ մի քաղաքական ուժ համամասնական ընտրակարգով երբեք մանդատների կեսից ավելին չի ստացել: Սակայն իշխանությունը միշտ մեծամասնություն է ստացել. իհարկե այդ մեծամասնությունն ապահովվել է մեծամասնական ընտրական համակարգի շնորհիվ», - ընդգծել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը, որը երկար տարիներ ակտիվորեն աջակցում էր հենց մեծամասնական համակարգի պահպանմանը: 

Խորհրդարանական համակարգի անցմամբ, շարունակել է պատգամավորը, Հայաստանը իշխանությունն անցնցում փոխելու հնարավորություն է ստանում: «Մենք քաղաքական եւ տնտեսական իրադարձությունների մեծ դինամիկա ենք ստանում, ստանում ենք ընտրական համակարգ, որը բացառում է մեծամասնական բաղադրիչը», - հավելել է Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում էր անցում խորհրդարանական կառավարման: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի  6-ին: