Չեխիան պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը վերաբերող հարցերի եւ արձանագրել, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Այս համատեքստում երկուստեք անհրաժեշտ է համարվել առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը եւ համագործակցության ակտիվացումը: Կարեւորվել է, մասնավորապես, գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը թույլ է տալիս բացահայտել երկկողմ կապերի զարգացման հնարավորությունները եւ նախանշել գործակցության նոր ուղղություններ:
Կողմերը քննարկել են նաեւ ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ շարունակում է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով ակտիվ գործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Պարոն Համաչեկն էլ ասել է, որ անդամակցությունն այս կամ այն ինտեգրացիոն միավորմանը յուրաքանչյուր երկրի որոշումն է, որն արժանի է հարգանքի, եւ ԵՄ հետ կապերի խորացման համատեքստում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի յուրաքանչյուր պետության նկատմամբ: Յան Համաչեկը վստահեցրել է, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը եւ այս հարցում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ: Յան Համաչեկն էլ ընդգծել է, որ որպես Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ մշտապես ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը:
Հայաստանի վարչապետը նաեւ նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը եւ շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունելու համար:
Հայ-չեխական կապերի սերտացման համատեքստում կողմերը բարձր են գնահատել նաեւ Չեխիայի հայ համայնքի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի իշխանություններին եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ ս.թ. հոկտեմբերի 14-ին Պրահայի Սուրբ Հոգու միջնադարյան եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու հարցում ցուցաբերած օժանդակության համար:

































