Մինչեւ ուսանողները չշարժվեն, այս հրապարակը չի լցվելու, այս ռեժիմը չի հեռանալու։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ընդդիմության միացյալ շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա ողջունեց դասադուլի կոչերը, հայտարարեց, որ այսօր հանրահավաքի մասնակիցների թիվն ավելի քիչ է, քան երեկ։ «Եթե այսօր մեր քանակը զիջում է երեկվա քանակին, դա չի նշանակում, որ մենք թուլացել ենք․ Ընդհակառակը, վստահ եմ, որ հզորացել ենք»,- ասել է Սեֆիլյանը եւ հավելել. «Այս մեկնարկը այլ մեկնարկ է, խնդրում եմ՝ լուրջ մոտենալ այս ամեն ինչին։ Օր առաջ պետք է լցնենք այս հրապարակը»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտնել է, թե ոստիկանությունը՝ գնդապետի ղեկավարությամբ, խնդրել է ելույթ ունենալ ամբիոնից։ «Հրավիրեցինք, բայց չցանկացան մոտենալ։ Փոխանցեցին իրենց պատգամը, որ եթե մենք այսօր շեղվենք հայտարարված երթուղուց, կենթարկվենք վարչական պատասխանատվության։ Պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա կոչ արեց գնդապետին (Օսիպյանին-խմբ.), նրանից վերեւ գեներալներին, «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր երեկ բռնացան Հայաստանի քաղաքացիների սահամանդրական իրավունքի վրա»։

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք եւ երթ է արել, որի ընթացքում մի քանի միջադեպեր են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երթից հետո «Նոր Հայաստանը» անժամկետ նստացույց էր սկսել Երեւանի Ազատության հրապարակում։