Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեւորգ Սաֆարյանի հետ կապված միջադեպի մասին։

«Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գեւորգ Սաֆարյանին: Ըստ հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Ազատության հրապարակին հարող տարածքում կայանված եւ հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասվել է անհայտ անձանց կողմից՝ այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների դրսեւորած անգործության պայմաններում:

ՀՀ ոստիկանությունը գտնում է, որ նշված հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերն ուղղակիորեն առնչվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ գործողություններին կամ անգործությանը, առերեւույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում եւ ունեն որոշակի հանգամանքներին վերաբերող կոնկրետության այնպիսի աստիճան, որը թույլ է տալիս դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ:

Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով հայտարարությունների մեջ հնչեցված փաստերի կապակցությամբ անկախ եւ անկողմնակալ քննություն կատարելու հարցում ՀՀ ոստիկանության առաջնահերթ շահագրգռվածությունը, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես դիմելու է ՀՀ դատախազությանը պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում քննություն նախաձեռնելու խնդրանքով: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կոչ է անում համապատասխան հայտարարությունները տարածող անձանց համագործակցել քննություն իրականացնող իրավասու մարմինների հետ:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաեւ, որ նույն կերպ է գործելու նաեւ համանման այլ դեպքերում»,- ասվում է հայտարարության մեջ։