Ես ասել եմ, որ քաղաքացիներին իշխանափոխություն խոստանալու եմ միայն մեկ անգամ, ես դա ասելու եմ հրապարակային՝ դրա իրականացումից անմիջապես առաջ։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 2–ին, լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի իրեն ուղղված կոչին միանալ իրենց։

«Ոչ ես անձնապես, ոչ ՔՊ-ն այս պահի դրությամբ չի ստացել իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզ: Սա ես ասում եմ՝ չուզենալով մեկնաբանել հանրահավաքային շարժման բովանդակությունը։ Եթե մեր գործընկերները ունեն կոնկրետ պատկերացումներ, քայլեր, թե ինչպես պետք է իրականացվի այդ ճանապարհային քարտեզը՝ ինչպես ենք հասնելու այդ իշխանափոխությանը, մենք դա եւս կքննարկենք եւ հրապարակային կպատասխանենք»,– Ա1+–ի փոխանցմամբ`ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրել է իրենց դիրքորոշումը`առաջին հերթին իրենք մարդկանց չեն առաջնորդելու դեպի պարտություն.

«Նաեւ բացառում ենք, որ ՀՀ-ում տեղի չի ունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ Քաղաքացիական պայմանագիրը զերծ է մնացել այդ պրոցեսին մասնակցելուց: Ասել ենք նաեւ՝ երբ կլինի իշխանափոխության հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ, մենք դա կքննարկենք ու կպատասխանենք: Քանի դեռ չկա ճանապարհային քարտեզ, մենք, ըստ էության, մեկնաբանելու որեւէ բան չունենք»: