Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթն՝ այսօր դեկտեմեբրի 2-ին, հսկում էին մեծ թվով ոստիկանական ուժեր: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ԿՀԸ շենքի մոտ, որը շրջափակված էր ոստիկանական մի քանի շղթայով, ներկա էին ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանն ու Լեւոն Երանոսյանը, նաեւ՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: (ֆոտոռեպորտաժ)
Երթն անցել է առանց լուրջ միջադեպերի։ Թեեւ երթի մասնակիցները շեղվել են Երեւանի քաղաքապետարան ուղարկված իրազեկման մեջ նշված երթուղուց, ոստիկանությունը, որը նախապես զգուշացրել էր, որ երթից շեղումը կհամարվի օրենքի խախտումը, եւ մասնակիցները կենթարկվեն վարչական պատասխանատվության, չի միջամտել:
Երթն ավարտվել է Ազատության հրապարակում։ Այժմ հրապարակում հնչում են հայկական պարեղանակներ։
Ցուցարարների մի մասն այսօր նույնպես կգիշերի Ազատության հրապարակում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, նախատեսվում է ամենօրյա հանդիպում լրագրողների հետ, ապա ժամը 17:00-ին՝ «Ոչ»-ի շտաբի միասնական հավաք «Չեք անցկացնի» նախաձեռնության, ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի հետ համատեղ: ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ «Նոր Հայաստան»-ի նստացույցին չի միանա: «Նոր Հայաստանը», որն առաջնորդում են «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ժառանգությունը», շարունակում է հայտարարել, որ չի հեռանա Երեւանի Ազատության հրապարակից, մինչեւ չհասնի իշխանափոխության:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























