Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում կներկայացնի վարչապետը։ Այս մասին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դա որեւէ խոչընդոտ չի առաջացնում։

«Դա բացարձակապես որևէ խոչընդոտ չէ: Այնպես, ինչպես այսօր տիկին Մերկելը ներկայացնում է Գերմանիան և, ընդհանրապես, եվրոպական երկրների մեծ մասին ներկայացնում են վարչապետները: ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանը ներկայացված է վարչապետով, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը նույնիսկ իրեն թույլ է տալիս մտածել՝ այս մարդը նախագահ է, թե՞ վարչապետ: Այսինքն` եթե ինքն է լիազորված անձը, պաշտոնի հետ չեն բանակցում, չէ՞, բանակցում են լիազորված անձի հետ: Եթե վաղը մենք որոշենք, որ բանակցությունները, օրինակ, Ղարաբաղի թեմայով, պետք է վարի արտաքին գործերի նախարարի տեղակալը, այդպես էլ լինելու է: Հասկանում եմ` ստատուսների խնդիր կա, բայց նախագահ-նարչապետ, ես մեծ տարբերություն չեմ տեսնում՝ գոնե այսքան շատ մոտիկից շփվելով եվրոպական և եվրասիական երկրների լիդերների հետ»,– ասել է Սերժ Սարգսյանը: