Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ողջ տարին նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, եւ կրթական համակարգը եւս չէր կարող անմասն մնալ այդ համազգային իրադարձությունից:

«Ողջ տարվա ընթացքում հանրապետության դպրոցներում իրականացվել են տարբեր եւ շատ կարեւոր նախաձեռնություններ: Եվ այսօր այդ միջոցառումները եզրափակվում են շարադրությունների մրցույթի հաղթողների պարգեւատրմամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել` ձեր ստեղծագործական մտքի, ձեր անկեղծության, արձանագրած հաջողությունների համար: Այնուհանդերձ, ցեղասպանությունն այն պատմական անարդարությունն է, որին ենթարկվելով` հայերը կրկին միավորվեցին եւ դառնալով ավելի ուժեղ`  այսօր նորից վերապրում են: Եվ պատահական չէ, որ պետական միջոցառումների գլխավոր կարգախոսներից մեկը հենց վերապրումն էր: Դուք եք վերապրած հայ ժողովրդի սերունդը, որն այսօր, այս պատերի ներքո կստանա իր փոքրիկ, բայց հաջողությունների մասին վկայող առհավատչյան: Վստահ եմ, որ այսօրը կլինի հիշարժան նախեւառաջ այս խորհրդանշական վայրում, այս կարեւոր համապետական միջոցառումներն ամփոփելու տեսակետից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ստացվել է ավելի քան հազար շարադրություն, եւ մրցութային հանձնաժողովի համար դժվար է եղել ընտրել լավագույնները:

«Բոլոր շարադրություններն էլ լավն էին. թեման այնպիսին էր, որ վատ շարադրություն չէր կարող լինել ի սկզբանե: Հուսով եմ` բազում գեղեցիկ գրված ստեղծագործություններից մեզ հաջողվել է ընտրել ամենաանկեղծ շարադրությունները` գրված  այն երեխաների կողմից, որոնց գերդաստանում կա ցեղասպանության դաժան հետքը»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությանը` ողջ տարվա ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության համար:

«Մենք խնդրել ենք վերանորգումից եւ վերաբացումից հետո իր պահեստարաններից հանած եւ դրսից նոր ցուցանմուշներ ձեռքբերած թանգարանն այսօր իր դռները բացի ոչ միայն պարգեւատրման, այլ էքսկուրսիայի համար: Թող այսօրվա ձեր հաղթանակը պսակվի նաեւ այս գիտակրթական հիմնարկում մեր ժողովրդի ողբերգական էջին ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորությամբ»,-նշել է նախարարը:

Արմեն Աշոտյանը ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով եւ նվերներով է պարգեւատրել շարադրությունների մրցույթում հաղթած 15 աշակերտներին:

Նշենք, որ տարվա ընթացքում հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են հուշ-երեկոներ, գրական-երաժշտական հանդեսներ, բաց դասեր՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին,  Հայոց հարցի պատմությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Կազմակերպվել են նաեւ հանդիպումներ քաղաքական եւ հասարակական անվանի գործիչների, Մեծ Եղեռնի զոհերի ժառանգների հետ: Աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներ: