«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) Նիդերլանդների խորհրդարանում հրավիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին պարբերաբար սրվող իրավիճակի շուրջ լսումներին մասնակող պատվիրակության կազմում էր: Լսումները նախաձեռնել էր Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Պիետր Օմտզիգտը: Մասնակցում էին նաեւ հոլանդացի այլ քաղաքական գործիչներ:
Պարոն Օմտզիգտը հրավիրել էր Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ հետեւելով Լեռնային Ղարաբաղում վերջերս արձանագրված լարումների վերաբերյալ FAON-ի ուղարկած նամակին: Պատվիրակության կազմում էին Ինգե Դորստը եւ Մաթո Հախվերդյանը (FAON), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
Լսումներին նախորդել էին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումները: Սեպտեմբերին երեք կին էր զոհվել, երբ ադրբեջանական բանակը հրետակոծում էր ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Զուգահեռաբար, արձանագրվել էին հրադադարի պարբերաբար խախտումներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում: Միջազգային հանրության համար մտահոգիչ է նաեւ, որ շարունակաբար կիրառվում են մեծ տրամաչափի զինատեսակներ:
Իր ելույթում տիկին Դորստը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի համապատկերը՝ անդրադառնալով վերջին տարիների պատմությանը: Նա դիմեց Նիդերլանդների խորհրդարանին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումները սահմանափակող հստակ միջոցներին եւ վերահաստատել ռազմական թեժ գիծ: Տիկին Դորստը կոչ արեց հոլանդացի պատգամավորներին՝ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ ջանքեր գործադրել, որ ԼՂ հանրությունը իր տեղն ունենա բանակցային սեղանի շուրջ:
Այնուհետեւ, ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը մշտապես Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ այլ կառույցների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա: Նա խոսեց նաեւ ԵԽ փոխնախագահի եւ բազմաթիվ այլ պաշտոնյաների՝ ԼՂ կատարած այցերի, ինչպես նաեւ վերջերս հրադադարի խախտման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կոշտ արձագանքների մասին: «Մեզ համար շատ կարեւոր է մեր ներդրումն ունենալ այս լսումներին եւ մենք շնորհակալ ենք Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային՝ այս հնարավորության ընձեռման համար: Ազգային խորհրդարանները եւ դրանց անդամները կարող են կարեւոր դերակատարություն ունենալ, եւ նրանց աջակցությունը այս հարցի խաղաղ կարգավորման գործընթացում չափազանց անհրաժեշտ է: Մենք հուսով ենք, որ Հոլանդիայի խորհրդարանը կաջակցի հրադադարի խախտման դեպքերը բացառող միջոցների կիրառմանը: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լավագույնս կգնահատի սա»,- ասել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող պատկերը: Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը առաջնային կարեւորություն ունի հակամարտության կարգավորման համար եւ նկատեց. «Միջազգային հանրությունը վճռականորեն պետք է արտահայտվի հրադադարի խախտման մասին եւ դատապարտի հանցագործին: Կողմնակալ բանաձեւերը, ինչպես օրինակ ԵԽԽՎ-ի բանաձեւը, վնասում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ուստի, ես ուրախ եմ իրազեկել հոլանդացի պատգամավորներին այս թեմայի շուրջ: Հուսանք, որ նրանք կաջակցեն Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական հետագա գործընթացներին››:
Երկար տարիներ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) բավականին ակտիվ է եղել հոլանդացի պաշտոնյաների հետ համագործակցելու եւ Լեռնային Ղարաբաղը նրանց ուշադրության կենտրոնում պահելու հարցում:
Լսումներին ներկա էր նաեւ հոլանդացի պատգամավոր Հարի Վան Բոմմելը, որը անձամբ եղել է Հայաստանում: Թե՛ պարոն Վան Բոմմելը, եւ թե՛ պարոն Օմտզիգտը հարցրեցին Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ ինչպես Հոլանդիայի խորհրդարանը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը պահպանմանը: ‹‹Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունը ունի սեղանի շուրջ՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի հանրությունը, քանի որ երբեմն թվում է, որ վերջիններիս մասին մոռացվում է հակամարտության մասին խոսելիս››,- նշեց պարոն Օմտզիգտը:





























