Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Բելգրադում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստի ժամանակ:

NEWS.am–ի թղթակիցը Բելգրադից հաղորդում է, որ ԵՄ ներկայացուցիրը կոչ է արել եվրոպական երկրներին համատեղ ջանքեր գործադրել ահաբեկչությանը դիմակայելու ու միգրանտներին վերաբերող խնդիրները լուծելու համար: «Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում: Այն կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերի օգնությամբ»,- վստահեցրել է Մոգերինին՝ նշելով Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Աշխարհը մեզ չի հասկանա ու չի ների, եթե մեր ջանքերը ձախողվեն կարճաժամկետ տարաձայնությունների պատճառով»,- հայտարարել է Ֆեդերիկա Մողերինին:

Նրա խոսքով, Եվրոպան վաղուց փախստականների ու միգրանտների նման հոսք չի տեսել: «Ոչ մի պետություն չի կարող ինքնուրույն արձագանքել նման մարտահրավերների»,-շեշտել է նա:

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները ԵՄ ներկայացուցիչը դարակազմիկ առաջընթաց է անվանել ու նաեւ շեշտել, որ ԵՄ-ն պաշտպանում է բոլոր ջանքերը, որոնք ուղղված են միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը: «Մենք մտահոգված ենք նաեւ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով»,-նշել է նա:

ԵՄ ներկայացուցիչը շեշտել է, որ Եվրամիությունը հավատարիմ է մնալու ԵԱՀԿ տարածքում ու հարակից տարածաշրջաններում ճգնաժամերի կարգավորման գործընթացներին ակտիվ մասնակցությանը:

«Հակամարտությունների կարգավորումը ու մարտահրավերներին դիմակայելը համագործակցություն է պահանջում»,- շեշտել է Ֆեդերիկա Մոգերինին: