Գերմանիայի ԱԳ նախարար վալտեր Ֆրանկ Շտայնմայերը բարձրաձայնել է հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանում իր երկրի առաջնահերթությունները:
Ելույթ ունենալով Բելգրադում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, նա հիշեցրել է կես տարի առաջ իր ելույթը, որտեղ իրավիճակը համեմատել էր ալեկոծ ծովի, իսկ ԵԱՀԿ-ն՝ նավի հետ:
Նրա խոսքով, այդ պահից ի վեր ծովը չի հանդարտվել: Մտահոգիչ թեմաների շարքում Շտայնմայերը նշել է միգրանտների հոսքը, ահաբեկչական հարձակումները: «Վերջերս տեսանք, թե ինչպես խոցվեց ռուսական ռազմական օդանավը: Երկու ԵԱՀԿ անդամ երկու երկրների զինված ուժերը հայտնվեցին ուղղակի հակամարտության վիճակում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ալեկոծ ծովում չի կարելի ապամոնտաժել նավը, թեեւ դժվար է համաձայնեցնել միասնական ուղին:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է աշխատել երեք հիմնական ուղղություններով՝ արձագանքել ճգնաժամերին, ամրապնդել քարտուղարությունը, դաշտային առաքելություններն ու ինստիտուտները եւ ամրապնդել անվտանգությունը:



























