Եվրոպան արդեն այնքան չի ազդում սահմանակից տարածքների վրա, որքան սահմանակից տարածքներն են ազդում իր վրա: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Բելգրադում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստին, Բելգրադից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Ռուսաստանցի նախարարի խոսքով, անհրաժեշտ է ընդունել, որ ԵԱՀԿ-ի տարածաշրջանը չկարողացավ արժանի լինել իր պատմական առաքելությանը` օրինակ ծառայել մյուս բոլոր տարածաշրջանների համար: Ավելի շուտ հակառակն է տեղի ունենում. Անկայունության ուժեղացում, հակասությունների խրախճանք: «Արդյունքում արդեն դադարել են էկզոտիկ լինել ներկայիս ժամանակաշրջանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեի հետ նույնացնելու փորձերը: Երբ քաղաքական գործիչների իմաստնությունը չի հերիքում, գեոքաղաքական հավակնությունները սկսում են գերակշռել: Հարցն այն է, թե այսօր ինչ է ընտրվելու», - նշել է Լավրովը:
Ռուսաստանցի նախարարն ընդգծել է, որ Եվրոպան այլեւս այնքան չի ազդում հարակից շրջանների վրա, որքան ենթարկվում է նրանց ազդեցությանը: Ինչպես ընդգծել է Լավրովը, Եվրոպային անհանգստացնող միգրացիոն ճգնաժամը սադրել են դրսից կոպիտ միջամտությամբ:
ԻԼԻՊ-ի վտանգավորության մասին խոսելով` նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի սահմանների մոտ անխիղճ թշնամի է արմատներ ձգել: «Եթե այդ մարտահրավերից գլուխ չհանի, Եվրոպան չի կարողանա զարգացման հույս փայփայել», - նշել է նախարարը` հիշեցնելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է դադարեցնել այդ կազմակերպությանն ամեն տեսակ աջակցությունը: «Ռուսաստանը հասնելու է այդ որոշման իրականացմանը»,- հավաստիացրել է նախարարը:
Սիրիայի առումով Լավրովն ընդգծել է, որ անընդունելի է ահաբեկիչներին բաժանել վատերի եւ ընդունելիների: Նրա խոսքով, հակամարտության լուծման համար անհրաժեշտ են բանակցություններ` իշխանությունների եւ բռնությունը մերժող ընդդիմության մասնակցությամբ:
Նախարարը նաեւ ընդգծել է միջկրոնական հակասությունների խաղարկման անթույլատրելիությունը:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է Պաղեստինյան խնդրի շուրջ բանակցությունները վերականգնելու կարեւորությունը: Նրա խոսքով, ԵԱՀԿ-ից հարավ եւ նրա ընդգրկման տարածքում ցանկացած հակամարտություն համերաշխ գործողություններ, փոխզիջում եւ միջնորդական ձեւաչափեր է պահանջում: «Հենց այս մոտեցումներով ենք մենք առաջնորդվում Ղարաբաղի, Մերձդնեստրի, Ուկրաինայի հակամարտությունների կարգավորման համար», - նշել է Լավրովը:
Նրա խոսքով, Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիան Պանդորայի արկղիկ է դարձել: «Արեւմտյան գործընկերները կոսովյան խնդրից եզրահանգումներ չեն արել: Արդյունքում համակարգային հակասությունները շարունակում են կուտակվել», - ասել է նախարարը` հավելելով, որ նման հակասություններն ի հայտ են եկել ուկրաինական հակամարտության ընթացքում:
«Խորը տագնապ են առաջացնում ազգայնականներին հերոսականացնելու, ազատագրողների հետ նույն հարթության վրա դնելու փորձերը», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով, եթե ԵԱՀԿ-ն ուզում է հարմարվել օրվա ահանջներին, ամուր հիմք է անհրաժեշտ: Անթույլատրելի է ԵԱՀԿ գործիքների կամայական օգտագործումը որեւէ հարցի վերաբերյալ:





























