Բելգրադում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջե Կասպշիկի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շարունակվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նշենք, որ Բելգրադում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:





























