Եթե Թուրքիային պետք է «Թուրքական հոսքը», ուրեմն պիտի դիմի Ռուսաստանին: Այդ մասին լրագրողներին ասել է  «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:  

«Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին», առաջին հերթին Թուրքիան պիտի դիմի, եթե այդ նախագիծը նրա համար հետաքրքրություն է ներկայացնում: Ներկայումս Թուրքիան մեզ չի դիմել նման առաջարկով», - ասել է Միլլերը:

Միաժամանակ նա նշել է, որ եթե նման առաջարկ լինի, այն կքննարկվի: 

Դեկտեմբերի 1-ին ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՏԱՍՍ-ը` վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին, «Թուրքական հոսք» նախագծի քննարկումը կդադարեցվի Ռուսաստան-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի գործունեության դադարեցման կապակցությամբ:  

Թուրքիայի հետ «Թուրքական հոսքի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստումն իրականացվում էր ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:   Ակնկալվում էր, որ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի արդեն դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ընդ որում, Ռուսաստանը ճիշտ էր համարում Թուրքիայի  հետ «Թուրքական հոսք» գազատարի միաժամանակ երկու գծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի կնքումը, իսկ Թուրքիան` միայն մեկ:  

 «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  2014-ի դեկտեմբերին: Ի սկզբանե նախատեսված էր, որ գազատարի չորս գծի հզորությունը կկազմի տարեկան  63 մլրդ խորանարդ մետր գազ, որից 16 մլրդ խորանարդ մետրը կմատակարարվի Թուրքիային, իսկ 47 մլրդը` թուրք-հունական սահմանին գտնվող գազապահեստին: Հոկտեմբերին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնեց, որ ընկերությունն առայժմ կսահմանափակվի «Թուրքական հոսքի» երկու գծով, որովհետեւ Եվրոպայի` գազի աճող պահանջներն առայժմ կկարողանա բավարարել  «Հյուսիսային հոսք 2»-ը:

Հենց այդ ժամանակ էլ հայտարարվել էր, որ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է Թուրքիայի քաղաքական իրավիճակի պատճառով, որտեղ այդ պահին հաստատված չէր կառավարության կազմը: